Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այս դատավարությունները շատ ավելի հեռահար նպատակ են հետապնդում

Այս դատավարությունները շատ ավելի հեռահար նպատակ են հետապնդում
17.12.2024 | 16:28

COP29-ի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը դատարան է ուղարկում Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների դատական գործերը։

Ադրբեջանի դատախազությունը հրապարակել է նրանց դեմ առաջ քաշված մեղադրանքները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ զինված ուժերի և ապօրինի զինված խմբավորումների կողմից 2548 դրվագով կատարված հանցագործությունների մեջ մեղադրվում է 15 անձ»։ Դատախազությունը հրապարակել է հետևյալ անունները՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լյովա Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Դավիթ Ալավերդյան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։ Ինչպես տեսնում եք, այս հաղորդագրության մեջ չկա Ռուբեն Վարդանյանի անունը։ Այստեղից ենթադրում եմ, որ նրա գործը դիտարկվում է առանձին։

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն նոր մեղադրանքներ է առաջ քաշել ընդդեմ Ռուբեն Վարդանյանի՝ նրան ցմահ ազատազրկման դատապարտելու նպատակով։ Այդ մեղադրանքները և ողջ դատական գործընթացը փակ է պահվում, քանի որ դրանք բոլորն ապօրինի են, և որևէ փաստական տվյալ չկա դրանց հարցում։

Ուշագրավ է ևս մեկ դրվագ․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել այս հարցում: «Ղեկավարվելով սույն քննչական գործի շրջանակում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների՝ Հայաստանի տարածքում գտնվելու լուրջ պատճառներով, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին համագործակցության հրավեր է անում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կարճ ասած՝ օգնեք դատենք և փակենք, ում էլ չենք ձերբակալել, հանձնեք մեզ։

Չնայած որոշ սպասումների, թե COP29-ը առիթ կդառնա, որ Բաքուն ազատ արձակի հայ ռազմագերիներին, իրողությունները, ինչպես և սպասելի էր Ալիևի քաղաքականության դեպքում, այլ կերպ են դասավորվում, ինչը ևս մեկ ցուցիչ է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն ու բարիդրացիություն։

Ես համոզված եմ՝ այս դատավարությունները վերոնշյալ մարդկանց դեմ չեն միայն, այդ մարդիկ թիրախում են, բայց նպատակը շատ ավելի հեռահար է՝ ներկայացնել Հայաստանը որպես ահաբեկչական ու օկուպանտ պետություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Պատահական չէ, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել էր. «Ագրեսոր և օկուպանտ երկրների ռազմական պլանավորման մեջ որոշակի սահմանափակումների կիրառումը միջազգային հարաբերություններում հաստատված պրակտիկա է։ Օրինակ՝ նման միջոցներ են ներդրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո՝ Իրաքի հետ կապված»։ Նրա խոսքով՝ Հայաստանը՝ «որպես ագրեսոր երկիր, նույնպես պետք է բախվի նմանատիպ սահմանափակումների»։

Այս հանգամանքից ելնելով՝ Հայաստանը որպես պետություն պետք է բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ լինի վերոնշյալ անձանց ազատ արձակմանը, չնայած միամտություն է դա ակնկալել Փաշինյանի կառավարությունից, հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով թիրախավորեց Ռուբեն Վարդանյանին՝ դրանով իսկ հերթական ծառայությունը մատուցելով Բաքվին:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ